ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում կմասնակցի Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։

Մայիսի 19-ին «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը կնշի հիմնադրման 30-ամյակը: Անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Յուրի Բաշմետ:

Հոբելյանի նշման առիթով 2022 թվականի ընթացքում կանցկացվի Կամերային նվագախմբերի փառատոն, որին կմասնակցեն առաջատար 5 կամերային նվագախմբեր։

Փառատոնի շրջանակում նախատեսվում է իրականացնել հինգ համերգ, որոնցից մայիսի 18-ին Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը. դիրիժոր՝ Անտոն Շաբուրով, մենակատար՝ Սոնա Բարսեղյան (դաշնամուր)։ Կհնչի նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ Մայիսի 19-ին կայանալիք հոբելյանական համերգին Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդես կգան բոլոր հինգ նվագախմբերը, այդ թվում՝ ՀՊԿՆ-ը. կկատարեն հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործությունները։

«Մեզ համար առանձնահատուկ հաճելի է, որ Մոսկվայում Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթները համընկնում են նվագախմբի հիմնադրման 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ»,- հրավերի տեքստում ընդգծել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետը և փառատոնի պրոդյուսեր Դմիտրի Գրինչենկոն։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեծագույն սիրով է ընդունել առաջարկը և պատրաստվում է համերգներին։ Հայաստան կժամանի դիրիժոր Անտոն Շաբուրովը, ով մայիսի 18-ին ղեկավարելու է նվագախումբը՝ փորձեր անցկացնելու և պատասխանատու ելույթներին պատրաստվելու նպատակով։