ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին:

«GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են, ուստի Հայաստանը պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ
«Երեխաների և երիտասարդների նախապատրաստական ​​ գլոբալ հանդիպում աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 7-րդ նստաշրջանի» (2022 թ.) շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Փոխնախարարը նախ հակիրճ խոսել է Հայաստանի պատմության ու աշխարհագրական դիրքի մասին, այնուհետև անդրադարձել 2021-2026 թթ. ՀՀ կառավարության կողմից կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումներին:

«Բարեփոխումների շրջանակում գործընկերների հետ համագործակցության միջոցով սեյսմիկ անվտանգության տեսանկյունից կառուցվում, հիմնանորոգվում և վերակառուցվում է 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Հայաստանի աշխարհագրական դիրքը ստիպում է մեզ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցների սեյսմակայունության, այլև կրթական ծրագրերում թեմատիկ տեղեկատվական հատվածի ներառման հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վեբինարին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների պատասխանատու Վիգեն Շիրվանյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ նիստի նպատակն է ներկայացնել և քննարկել դպրոցների անվտանգության ապահովումը, ինչպես նաև կրթության և անվտանգության շարունակականության ծրագրի շրջանակի, բաղադրիչների ու մոտեցման անհրաժեշտ վերակառուցումը CSS-ի կողմից տրամադրվող ռիսկային միջավայրի պայմաններում: 2022-2030 թթ. ծրագրի միջոցով մասնակիցները մասնագետներից ու փորձագետներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ունենալու:

Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների համաշխարհային նախաձեռնության համար, որը հաստատվել է ավելի քան 60 երկրների կողմից: «GADRRRES»-ը և նրա տարածաշրջանային մասնաճյուղերը սկսել են վերանայել CSS շրջանակը 2020 թ.-ին՝ կրթական ոլորտի միջոցով ուժեղացնելու հավաքական գործողությունները: Դրա համար խթան են հանդիսացել կլիմայի փոփոխության աճող վտանգներն ու ռիսկերը: