Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարել և հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:

Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, և «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը. «Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ զարգացած չէ, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են. «Սա նշանակում է` նրանք թիմային ոգով, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ, Արցախը լինելու է ազատ և երջանիկ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մրցաշարի մասնակիցների հետ քննարկումների արդյունքում, որոշել են մրցաշարն ամեն տարի անցկացնել նույն վայրում, այսինքն` մայրուղուց Պարզ լիճ ընկած տարածությունում։

Նախատեսվում է հաջորդ տարիներին մրցավարությունը դարձնել էլեկտրոնային: Հաջորդ տարի նաև բուն մրցման նախորդ օրը կկազմակերպվի ճամբար: Մրցավարները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն Պարզ լճի տարածքում, կծանոթանան վազքուղուն՝ նախնական մարզում իրականացնելով։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է դպրոցականների միջև թիմային մրցաշարի անցկացումը՝ վստահեցնելով, որ այն շարունակական բնույթ կկրի. «Գիտենք, թե դպրոցականներն ինչ ոգևորությամբ և լրջությամբ են նախապատրաստվել այս մրցաշարին ու շատ ուրախ ենք այդ առիթով: Իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց առավել կարևոր է մեր նպատակը՝ առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի մասսայականացումը, ինչն էլ հասարակության մեջ ձևավորում է սպորտային տրամադրություն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ շեշտել է՝ նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին:

Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ:

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Այս գումարները դպրոցները կուղղեն իրենց մարզադահլիճների վերանորոգմանն ու կահավորմանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան 9-րդ ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ և թիմի մարզիչ Արմեն Ղուկասյանի խոսքով՝ իրենք լավագույնս նախապատրաստվել էին այս մրցաշարին՝ մարզումներ անցկացնելով Կապան քաղաքում՝ անգամ անձրևային օրերին:

Դպրոցականներն էլ ընդգծել են՝ մրցատարածությունը հեշտությամբ են անցել. «Գերազանց էինք պատրաստվել: Մրցատարածությունը դժվա՞ր էր հաղթահարելը. սյունեցիների համար՝ ոչ»:

Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմն էլ նախապատրաստական մարզումներն անցկացրել է Նորավանքի ձորում. «Ամենօրյա ռեժիմով մարզվում էինք: Ակնկալիքներ ունեինք, բայց չէինք սպասում, որ երկրորդը կլինենք: Շատ ուրախ ենք: Նմանօրինակ միջոցառումներն էլ շատ ողջունելի են: Առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում»,- ասում է դպրոցի թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արարատ Մկրտչյանն ու ընդգծում՝ հաղթած գումարով նախատեսում են վերանորոգել դպրոցի մարզադահլիճի հանդերձարանները, ինչպես նաև մարզագույք ձեռք բերել:

Հիշեցնենք՝ դրամական պարգևներ կստանան նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու թիմի ներկայացուցիչները: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75-հազարական դրամ աշակերտների համար: