ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:
2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
«Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է թեստային եղանակով:
«Ֆիզկուլտուրա» առարկայից ատեստավորումը կազմակերպվելու է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից, «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաներից՝ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կողմից, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կողմից:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաև ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացվի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ուսումնական հաստատությունում Նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում /matyan.emis.am/՝ մինչև հունիսի 7-ը ժամը 18։00-ն:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
- ուսուցչի անուն, ազգանուն, հայրանունը.
- ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
- դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել.
- անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
- ուսուցչի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը:
Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը: