Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։

Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։ Այսօր՝ մայիսի 13-ին, Անին կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ ուժերը չափելով Ճապոնիայի ներկայացուցիչ Անիսա Տսուբատայի հետ։

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը ևս հաղթանակով է մեկնարկել։ Մեր մարզուհին մենամարտել է ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթել մեծ առավելությամբ։

Հայկական եռագույնի ներքո իր առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել նաև Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան։ 54 կգ քաշայինների պայքարում Սվիչևան մենամարտել է Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնել։

Մեկնարկն անհաջող է ստացվել միայն մեծահասակների պայքարում իր նորամուտը նշող Գայանե Տեր-Բարսեղյանի համար (48 կգ)։ Երիտասարդ մարզուհին մեկնարկում պարտվել է լեհուհի Նատալյա Ռոկին։

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, ապա մարզումները շարունակել է Օլիմպավանում:

Թիմի հետ մրցավայր են մեկնել նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնության 12 քաշային կարգերում հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն դոլար է: Չեմպիոնուհին կստանա 100 հազար, փոխչեմպիոնուհին՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 25 հազար դոլար: