Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տեղի է ունեցել քոլեջի նախկին ուսանող, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի առաջին կամերային նվագախմբի համահիմնադիր, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարանի վերաբացումը:

Պատվավոր հյուրին քոլեջի մուտքի մոտ աղ ու հացով, ծափողջույններով դիմավորել են ոչ միայն քոլեջի, այլև Գյումրու քաղաքապետարանի, մարզպետարանի և մշակութային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

«Աննկարագրելի զգացողություններ են, երբ նմանօրինակ ջերմ ընդունելության ես արժանանում հայրենի քաղաքում: Շատ հաճելի հիշողություններ ունեմ՝ կապված քոլեջում ուսանելու տարիների հետ: Այսօր՝ այսքան տարիներ անց, կրկնակի պատիվ է ինձ սնած ուսումնարանում այսպիսի չտեսնված լսարան ունենալը: Այս ուսումնարանն ու Կոնսերվատորիան միշտ էլ ծաղկեցրել են իմ քաղաքը»,- ասել է իսպանաբնակ անվանի ջութակահարը:

Մանկավարժական գործունեություն ծավալող ճանաչված երաժիշտը հանդիպել է նաև ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նա հորդորել է երբեք չբավարարվել ստացած գիտելիքներով ու անդադար ինքնակատարելագործվել:

Այնուհետև Գյումրու Հայորդաց տան համերգասրահում մաեստրոյի ղեկավարմամբ կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը նվիրված էր հենց Հմայակ Դուրգարյանի 80-ամյակին:

Հավելենք, որ լսարանը հիմնանորոգվել էր դեռևս 2020 թ.-ին, սակայն համավարակով պայմանավորված՝ բացման հանդիսավոր արարողությունը հետաձգվել էր: