ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի):

Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսքը սկսել է Կիրակոս Գանձակեցու՝ վանական համալիրի Վարդապետին ուղղած այն մտքով, որ Խորանաշատը եղել է մի հոգևոր միջավայր, որտեղ եկել են մարդիկ կրթելու ոչ միայն իրենց միտքը, ձևավորելու և հղկելու հոգևոր նկարագիրը, այլև արդեն իսկ Վարդապետի շարժուձևը, ֆիզիկական ներկայությունը եղել է անգիր օրենք այնտեղ սովորող աշակերտների համար:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Խորանաշատ վարդապետարանի, վանական համալիրի 800-ամյակի նշման միջոցառումները ոչ միայն մեր խոնարհումն են կարևորագույն հոգևոր գրչության, կրթական, մշակութային նշանակության այս կենտրոնին, այլև այս ամենի մասին հիշեցնելու՝ հանրությանը լայնորեն ընդգրկելով և ներգրավելով բարձր մակարդակով կազմակերպվելիք միջոցառումներին:

«Միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 28-ին, կշարունակվի 29-ին, տեղի կունենան եկեղեցական արարողություններ, մշակութային իրադարձություններ՝ ցուցադրություն, գրքի շնորհանդես, գիտաժողով: Այս միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում կլինեն շարունակական, և սա միանգամայն տեղավորվում է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. Տավուշն այդ առումով միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որտեղ այցելել և ելույթ են ունեցել մայրաքաղաքի լավագույն ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները»,- նշել է Արա Խզմալյանը և համագործակցության և ծրագրի կայացման համար շնորհակալություն հայտնել գործընկերներին:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ Խորանաշատի 800-ամյակի նշումը ոչ միայն լինելու է պարզապես հիշեցման օր, այլև այն լինելու է մեր կյանքի վերատեսության կարևոր հանգրվաններից մեկը:

«Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանի ընդգծմամբ՝ նպատակը Խորանաշատի պատմության մեջ նոր էջ գրելն է, հանրահռչակելն ու այն նորովի արժևորելն է:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի տեղեկացմամբ՝ հրատարակվել է «Խորանաշատ-800» գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը տեղի կունենա Չինարի գյուղի մշակույթի տանը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի տեղեկացմամբ էլ՝ արարողություն իրականացնելու նպատակով Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում, ինչը բացառիկ իրադարձություն է:

Նշենք, որ մամուլի ասուլիսին հաջորդել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացվել են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ:

Տեղեկացնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, այնուհետև՝ ժամը 14:00-ին, Չինարի գյուղի համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և Մատենադարանից բերված «Խորանաշատի Ավետարանով» կկատարվի Անդաստանի արարողություն, իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը: Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը կկայանա «Խորանաշատ-800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգը: