ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն:

Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Այցի շրջանակում մայիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներն Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում ներկա են գտնվել «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառման բացումը տեղի է ունեցել Ասսենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդեռլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ:

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:

«Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի ու Նիդեռլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ պայմանավորված համավարակով:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, այդ թվում՝ Նոյան տապանի եզակի մասունքը:

Դրենց թանգարանում կազմակերպված արարողության ընթացքում ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդեռլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով: Պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսն Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բաց կլինի մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը: