Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է «Կինոարխիվների միջազգային ասոցիացիայի» (FIAF) ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալի ձեռքբերում է։

Բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում՝ FIAF-ի գործադիր կոմիտեն ս․թ․ ապրիլի 27-ին՝ Բուդապեշտում կայացած «Կինոարխիվների միջազգային» վեհաժողովի համագումարի ընթացքում, պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես է եկել ամփոփ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգնման նախագծերը և հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։ Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո և հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի և Թուլուզի ֆիլմադարանների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի և Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի և այլ կազմակերպությունների հետ։

Առաջիկա համագործակցությունների համատեքստում՝ «Հայ կինոյի 100-ամյակի», ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներն են։ FIAF-ի անդամները նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնագիտորեն աջակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ կինոժառանգության արխիվացման և վերականգնման գործը Հայաստանում զարգացնելու հարցում։

Նշենք, որ «Կինոարխիվների միջազգային ֆեդերացիան» (FIAF) հիմնադրվել է Փարիզում 1938 թվականին. այն համախմբում է կինոժառանգության ոլորտում աշխարհի առաջատար հաստատությունները: Ֆեդերացիայի անդամներն իրենց բնութագրում են որպես «20-րդ դարի արվեստի ձևերի պաշտպաններ»։ Նրանք պատասխանատու են գտնելու, հավաքելու, պահելու և դիտելու ֆիլմեր ու տեսանյութեր, որոնք հավասարապես գնահատվում են որպես արվեստի գործեր և որպես պատմական ապացույցներ: 2021 թ. տվյալներով ֆեդերացիային անդամակցում են 92 մշակութային հաստատություններ՝ աշխարհի տարբեր երկրներից, և ևս 80 կազմակերպություն՝ որպես ասոցացված գործընկեր, համագործակցում է FIAF-ի հետ: