ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝ USAID) ֆինանսական աջակցությամբ և կշարունակվեն մինչև 2025 թ.:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը կարևորել է երկկողմանի համագործակցությունը, որը միտված է ԿԳՄՍ նախարարության ներառական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու մշակութային հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի ու հասանելի դարձնելու գործընթացի ապահովմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներառական քաղա­քականությունը Կառավարության առաջնահերթություններից է:

Հանդիպմանը ներկա էր նաև «Մատչելիության և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյանը, որը ներկայացրել է կատարված աշխատանքները, որոնք միտված են խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ներգրավ­վա­ծությունը: Նա ծանոթացրել է 2019-2020 թթ. Երևանում և ՀՀ բոլոր մարզերում իրականաց­ված «Ընտրատեղամասերի մատչելիությունը» հետազոտության արդյունքներին և ստեղծված տվյալների բազային, ինչպես նաև հանրային շենքերի մատչելիության բարելավմանն ուղղված առաջարկություններին ու գործիքներին:

Ներկայացված տվյալների բազան ներառում է մշակութային հաստատությունների հասանելիության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որը կարող է օգտակար գործիք լինել մշակութային հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել հասանելի դարձնելու գործընթացն ապահովելու հարցում: Ըստ պատասխանատուի՝ առանձին ցանկում ներառված 374 մշակութային հաստատություններից 71-ը կարելի է համարել մատչելի:

Հանդիպման ավարտին փոխնախարար Արա Խզմալյանն առաջարկել է առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մշակութային հաստատությունների ղեկավարներին, դասընթացային ձևաչափով ներկայացնել առկա խնդիրների լուծման քայլերը՝ մատչելիության չափանիշների վերաբերյալ մշակելով գործողությունների գրագետ ճանապարհային քարտեզ: