ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։

Ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում և Գյումրիում։

Մարզային այս ծրագիրը բաղկացած է երեք համերգներից, որոնց ընթացքում կկատարվեն Ռ․ Մելիքյանի ռոմանսները, ինչպես նաև կներկայացվի ռոմանսի ժանրը՝ ստեղծման շրջանից մինչև մեր օրեր։

Ռոմանսների կատարումներով հանդես կգան մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը, Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանը, դաշնակահար Վասիլի Ռոլիչը, քոլեջի մի խումբ ուսանողներ, ինչպես նաև տվյալ մարզի երաժշտական ուսումնական հաստատությունների սաները։

Ծրագրի նպատակն է ներկայացնել Ռոմանոս Մելիքյանին, նրա հեղինակած ռոմանսները և ռոմանսի ժանրը։ Կարևոր նպատակներից է նաև միջոցառումների միջոցով նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ծանոթացնել հայ և համաշխարհային երաժշտության, մասնավորապես՝ ռոմանսների ստեղծման պատմությանը: