ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքներում։

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով իրականացվել են վերոնշյալ քանդակների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները։

Շաբաթօրյակի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը ծանոթացել է վերականգնված արձանների ու բարեկարգված տարածքների աշխատանքներին։ Շաբաթօրյակին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։

«Ինչպես հայտնի է, ի թիվս մի շարք հուշարձանների, այս արձանները ևս Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում են։ Դրանց վերականգնման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, և մնացել է անել միայն տարածքի բարեկարգման վերջին շտկումները։ Շաբաթօրյակի համար ընտրեցինք հենց այս տարածքները՝ նաև հանրությանը մեր հուշարձանների նկատմամբ խնամքի ու հոգատարության օրինակ ծառայելու համար»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հուշարձան կարևոր է և գտնվում է պետության հոգածության ներքո։

Ի լրումն նախարարի խոսքի՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սա նաև անուղղակի հաղորդագրություն է հանրությանը՝ իրազեկելու, թե ինչ մեծ նշանակություն ունեն հուշարձանները և դրանց պահպանությունը բոլոր առումներով։

«Հավերժության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները գտնվում են Երևան-Սևան մայրուղուն հարակից հատվածում։ Դրանք ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով արձանների վերականգնման և հենց դրանց տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների կարևորությանը, ասել է «Սա ամենաբանուկ մայրուղին է ոչ միայն տեղացիներիս, այլև օտարազգի զբոսաշրջիկների համար, և այն, ինչ երևում էր այս վայրում, ոտնահարում էր մեր ազգային արժանապատվությունը։ Դա օտարների շրջանում ձևավորում էր կարծիք արժեքների հանդեպ մեր հանրության վերաբերմունքի մասին։ Մեր՝ այստեղ լինելը ինքներս մեր հանդեպ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունն է»։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ հանրային պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ կլինի ոչ թե շաբաթօրյակից շաբաթօրյակ, այլ մեր առօրյայի մաս կկազմի։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցել են իրենց երեխաների հետ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով այդ հանգամանքը, նշել է, որ դեռ վաղ տարիքից սովորելով սիրել ու հոգ տանել հայրենիքի մասին, հանրային բարօրության գիտակցմամբ կկարողանանք մեր գեղեցիկ հայրենիքը դարձնել աշխարհի ամենալավ պետություններից մեկը։

ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գտնվող քանդակները Կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնավորապես վերականգնվել են, տարածքները՝ բարեկարգվել, ապահովվել լուսավորությամբ, իսկ շաբաթօրյակի շրջանակում տարածքի մաքրմամբ ամբողջացվել են հանրային վայրերի և հուշարձանների կարևորությունն ընդգծող աշխատանքները։

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հանրային վայրերը մաքուր պահելով՝ մաքուր ենք պահում մեր կյանքն ու առօրյան, ինչն առաջին հերթին հաճույք է, իսկ դրանով հաճախ զբաղվելը՝ մարզումներին փոխարինելու լավ միջոց։

Նշենք, որ «Ճանապարհաշինարարներ» կամ «Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի հեղինակն է Դավիթ Բեջանյանը, իսկ «Արձագանք»-ը հեղինակել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանը։