ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ, որոնք ներկայացնում էին հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետն աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին:

Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես՝ «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով՝ այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն իրենք են որոշում, թե իրենց համար որն է ճիշտ հանգրվանը:

Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով՝ ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում. երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը. «Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ»։

Վարչապետը նաև փաստել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին. «2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է՝ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և Հայաստանն այդ ճանապարհի վրա է:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են «հայրենասիրություն» հասկացությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների: