ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտաշխատողները: Տարեկան ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն էր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահը նշել է, որ իր համար պատիվ է ներկա գտնվել մի միջավայրում, որն իր համար շատ հոգեհարազատ է:

«Ես իմ կյանքի բավականին երկար ժամանակը նվիրել եմ գիտությանը և միշտ ինձ համարել եմ ձեզնից մեկը: Ինքս երբևիցե օտարացած չեմ զգացել այս միջավայրից և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել գիտնական: Գիտնական դառնալը քչերին է տրված, և սա պետք է գնահատենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը: Ի վերջո, մեր հպարտությունը միշտ եղել են մեր գիտությունը և կրթված մարդիկ»,- ասել է ՀՀ նախագահը՝ կարևորելով գիտական քննարկումների անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ առանց կրթության և գիտության Հայաստանի Հանրապետության զարգացում չի լինի: «Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն. այս օղակը պետք է ամբողջական լինի: Դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից սկսած՝ մենք պետք է մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին պատրաստենք ավելի կիրթ մարդ դառնալուն և դրա հետ մեկտեղ՝ երկրին ավելի նվիրված լինելուն»,- ասել է Նախագահը՝ բոլորին հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը, ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը:

Նա նշել է, որ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպություններում կատարվել են հիմնարար ու կիրառական բնույթի հետազոտություններ գիտության տարբեր ոլորտներում: Աշոտ Սաղյանը շեշտել է գիտական կադրերի երիտասարդացման անհրաժեշտությունը. «2022 թ.-ի հունվարի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3492 մարդ, որից 2020 մարդ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով: Մենք ունենք երիտասարդների ներհոսքի դրական դինամիկա, սակայն ունենք 40-50 տարեկան գիտական կադրերի խիստ պակաս»:

ՀՀ ԳԱԱ 2021 թ.-ի գիտակազմակերպական գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Ժողովի ժամանակ ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, որոնք բարձրացրել են երիտասարդ կադրերի պատրաստման, սարքավորումների արդիականցման և այլ հարցեր: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: