ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հանդես եկել զեկույցներով: Քննարկման առանցքային թեմաներն էին հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի իրավական կարգավորումները, պատմամշակութային հուշարձանների տարածքների և պահպանության գոտիների պահպանմանն ուղղված համայնքների կողմից իրականացվելիք միջոցառումները:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի տեղեկացմամբ մարզում հաշվվել է շուրջ 1400 պատմամշակութային հուշարձան։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը պատասխանել են մարզի մշակութային հաստատությունների՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության ղեկավարների, համայնքների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ոլորտի վերաբերյալ հուզող հարցերին:

Հուշարձանների տարածքների և եկեղեցիների նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկություններով հանդես են եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:

Միջոցառումն ավարտվել է Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգու տարածքում կանգնեցված մ.թ.ա. 3-րդ-ից 2-րդ հազարամյակների մշակութային նմուշ հանդիսացող «Ցլակերպ վիշապաքար»-ի մասին տեղեկատվական ցուցանակի տեղադրմամբ: