ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր։ Օրվա շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով համաժողովը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորական խոսք է հղել համաժողովին ներկա անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ առողջապահության դիտանկյունից անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, և որակյալ կրթությամբ մասնագետներ պատրաստելը պետության առաջնահերթություններից է:

Կարեն Թռչունյանը ներկաներին տեղեկացրել է, որ այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն: Ըստ փոխնախարարի՝ այս նոր ենթակառուցվածքն ապագա անասնաբույժների համար կստեղծի հնարավորություն՝ նոր գիտելիքներով և կրթական մակարդակով դառնալու որակյալ մասնագետներ և ապագայում ապահովելու մեր երկրի սննդային անվտանգության հետ կապված խնդիրների ճիշտ լուծումները:

«Կոչ եմ անում անասնաբուժության մեջ կիրառել նորարար տեխնոլոգիաներ՝ այդ կերպ հարստացնելով նոր սերնդի գիտելիքները: Դա մեզ կօգնի ունենալ ավելի ճշգրիտ ախտորոշումներ, ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերման հստակ մեթոդներ և այլն»,- ասել է Կարեն Թռչունյանը և անասնաբույժներին մաղթել շարունակական հաջողություններ:

Համաժողովին կարևորվել են Կառավարության ջանքերը՝ անասնաբույժի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու և ոլորտը 21-րդ դարի պահանջներին համատասխանեցնելու ուղղությամբ՝ նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական միջավայրի ստեղծման, գործող անասնաբույժների շարունակական վերապատրաստումների, անասնաբույժի հեղինակության բարձրացման միջոցով: Ոլորտը զարգացնելու խթան է նաև Հայաստանում Անասնաբուժի օր սահմանելը:

Նշենք, որ Անասնաբույժների միջազգային օրը նշվում է 2000 թ.-ից՝ Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի հաստատմամբ: