ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է բուհերում ուսանողական ինքնակազմակերպվող խմբերի ձևավորման մեթոդաբանությանն ուղղված քննարկմանը, որին ներկա են եղել նախարարության երիտասարդական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական կրթության քաղաքականությունը համակարգող վարչությունների ներկայացուցիչները։

Շուրջ հարյուր ուսանողների և բուհական վարչական աշխատակիցների մասնակցությամբ քննարկումը ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էին «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակում:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է թեմայի արդիականությունը՝ նշելով, որ ուսանողության ինքնակազմակերպումը չի կարող տեղի ունենալ բացառապես մեկ բուհ-մեկ ուսանողական խորհուրդ ձևաչափի շրջանակում․ «Ուսանողության հետաքրքրությունները, կարիքները, նախասիրությունները տարբեր են, և կարևոր է, որ ուսանողները ինքնակազմակերպվեն այդ խնդիրների ու հետաքրքրությունների շուրջ։ Բացի ընդհանուր հետաքրքրություններն ու նախասիրությունները բավարարելուց՝ ինքնակազմակերպված խմբերը կարող են էականորեն բարձրացնել որոշումների կայացմանը ուսանողության, երիտասարդության մասնակցության մակարդակը, առանձին ուսանողի և ուսանողության շահերի պաշտպանությունից սկսած՝ ներգրավվել պատկան մարմինների և այլ դերակատարների հետ աշխատանքում՝ նպաստելու հանրային կյանքի տարբեր ոլորտներում առկա տարատեսակ խնդիրների լուծմանը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այս հարցում ԿԳՄՍ նախարարության, քաղաքացիական հասարակության և ուսանողության դիրքորոշումը նույնական է: Նախարարի տեղակալը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ ուսանողների ինքնակազմակերպման եղանակով, ինչպես նաև հանրային երկխոսության միջոցով ճիշտ լուծումներ գտնելու և մեթոդաբանություն մշակելու առումով:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության հիմքում հստակ ամրագրված է, որ պետությունը պետք է անի հնարավորը՝ հանրային որոշումների ընդունմանը երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնման համար:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ շեշտելով, որ այս գործընթացը պետք է իրականացվի համատեղ ուժերով. «Բոլորս պետք է նախանձախնդիր լինենք մեր երկրի, բուհի, համայնքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար: Ժողովրդավարությունը հենվում է ակտիվ քաղաքացիության վրա, որը դրսևորվում է տարբեր, այս դեպքում՝ բուհական մակարդակում»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ քննարկման արդյունքում կնախանշվեն կոնկրետ լուծումներ:

Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Ողջույնի խոսքերին հաջորդել են պանելային քննարկումները, որոնց ընթացքում ներկայացվել են «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի աշխատանքները, ինչպես նաև «Արտաուսումնական ուսանողական գործունեության միջազգային փորձն ու առանձնահատկությունները Հայաստանում» հետազոտության արդյունքները:

Այնուհետև տեղի է ունեցել խմբային աշխատանք, որի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ուսանողական միավորումների ձևավորման կարգը և սկզբունքները, ֆոնդահայթայթում․ արտաքին և ներքին ֆինանսավորում, որոշումների կայացման մասնակցայնություն, ուսանողական միավորումների գործունեության սկզբունքները և շրջանակը, ուսանողների անդամակցության շարժառիթները և այլն։

Քննարկման արդյունքներն ամփոփել են ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը: