Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել երեք նոր լսարանների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել նորարար ծրագրերին, շփվել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Նորաբաց ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները համալրվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթական գործընթացն ավելի արդյունավետ և հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարներ գեներացնելու և քննարկելու, ստարտափ թիմեր ձևավորելու, համատեղ աշխատանքի և դրանք կյանքի կոչելու միջոցով:

«Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն ունեն։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Տեղի է ունեցել նաև «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովը, որի ընթացքում նախագահը նշել է, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ՝ իր համար շատ հաճելի և կարևոր է ներկա գտնվել նշանակալի այդ միջոցառմանը և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։