Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 26 մարզիկ, որոնցից 13-ը՝ Հայաստանի հավաքականից:

Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ծաղկաձորյան հավաքը նախատեսված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար. «Գերծանր քաշային կարգում մարզումների ժամանակ զույգերի հետ կապված խնդիր ունեինք, իսկ Լիտվայի և Իսրայելի թիմերի հետ համատեղ աշխատանքով այդ խնդիրը լուծել ենք: Տղաների ֆիզիկական պատրաստությունն այս փուլի համար լավ է: Շարունակում ենք ամենօրյա մարզումները՝ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար»:

Կարեն Աղամալյանն ասում է՝ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ծրագրի. «Կարևորն այն է, որ տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա»:

Այս հավաքը թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։ Մայիսի 7-ից էլ բռնցքամարտիկները մարզումները կշարունակեն Օլիմպավանում՝ մինչև մայիսի 20-ը:

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մայիսի 21-31-ը կանցկացվի Երևանում: Մարզչի խոսքով՝ Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունենա բոլոր քաշային կարգերում: Այս պահին, թերևս, հարցական է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցությունը, որը ձեռքի վնասվածք ունի ու գտնվում է վերականգնման փուլում:

Երևանում կայանալիք առաջնությունը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Արման Դարչինյանը:

Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 30-40 երկրի մասնակցություն՝ շուրջ 280 մարզիկով:

Երկրպագուների համար կստեղծվեն ֆան-գոտիներ Կարապի լճին հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում, կտեղադրվի մեծ էկրան: Եվրոպայի առաջնության մուտքը լինելու է տոմսերով: