Պարի միջազգային օրվան նվիրված՝ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հրավիրում է միասին նշելու Պարի միջազգային օրը։

Տոնական երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրին մասնակցելու են Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը և Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:

Համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի՝ Նորայր Մեհրաբյան:

Նշենք, որ 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր, որը միտված է միավորելու պարի բոլոր ուղղությունները: Արդեն 40 տարի այս տոնը դառնում է առիթ՝ մեծարելու արվեստի հնագույն ճյուղերից մեկը։ Պարը հնարավորություն է տալիս միավորելու մարդկանց՝ հանուն խաղաղության, սիրո և բարեկամության: Այդ օրն աշխարհը խոսում է մեկ՝ պարի լեզվով։