2022 թ. ապրիլի 21-ին Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին տեղի է ունեցել հայկական տաղավարի պաշտոնական բացումը, որին ներկա էին Վենետիկի քաղաքապետարանի սոցիալական ապահովության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Սիմոնե Վենտուրինին, Վենետիկի մշակութային ժառանգության և գործունեության նախարարության տեսուչ Էմանուելա Կարպանին, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Հռոմում ՀՀ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը, Մխիթարյան Միաբանությունից Հայր Համազասպ վրդ. Քէշիշեանը, ինչպես նաև հայ համայնքի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ։

Բինենալեի բացմանը Հայաստանից մասնակցում էին հայաստանյան տաղավարի հանձնակատար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և տաղավարի համակարգող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

Այս տարի բիենալեին ներկայացվել է հայ-լիտվացի արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան և Ելենա Սորոկինա), որը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բարձր գնահատականի արժանացել ներկաների կողմից:

Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը նշանակալի իրադարձություն է նման կարևոր հարթակում ժամանակակից արվեստի միջոցով հայկականության յուրովի ներկայացման և մեկնաբանության, ինչպես նաև հայ արվեստի միջազգային հանրահռչակման առումներով: