Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվել է ՀՑԹԻ հիմնադրամի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ 20 մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Եռօրյա գիտաժողովն ունեցել է 6 նստաշրջան, որոնց ընթացքում քննարկվել են միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում ցեղասպանության դասավանդմանը, դրա արժեքային և էթիկական խնդիրներին վերաբերող հարցեր և ոչ միայն: Ներկայացվել է 29 գիտական զեկույց:

«Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նմանօրինակ գիտաժողովն այսօր առավել քան արդիական է։ Հուսանք, որ այս քննարկումը ուշացած չի լինելու, ավելին` լինելու է մի քննարկում, որը թույլ կտա մեզ ավելի պարզ պատկերացնել առարկայի դասավանդման լավագույն ռազմավարությունները մեր առջև այսօր կանգնած մարտահրավերի պայմաններում»,- նշել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Գիտաժողովի մասնակիցները նաև այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Երկրորդ օրը մասնակիցներն այցելել են Էջմիածնի Մայր տաճարի թանգարան:

Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև աշխատաժողով, որին մասնակցել են 2019, 2020, 2021 թթ. ՀՑԹԻ կազմակերպած կրթական ծրագրերի հայոց պատմության ուսուցիչները: Նրանք ընդգծել են նմանօրինակ հանդիպումների անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտը հետամուտ կլինի և կօժանդակի իրենց բարձրաձայնած հարցերի լուծմանը:

Հարցուպատասխանի և քննարկումների ավարտից հետո տեղի է ունեցել գիտաժողովի փակման արարողությունը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր երախտագիտությունն է հայտնել նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել գիտաժողովի կազմակերպման և անցկացման կարևոր գործում։ Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ բանախոսները շեշտել են ներկայացված թեմաների արդիականությունը և հույս հայտնել, որ առանձին ժողովածուի տեսքով լույս կտեսնեն ներկայացված զեկուցումները:

Եռօրյա գիտաժողովի շրջանակում ավելի վաղ կայացել էր նաև «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը, որի նպատակն է ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվել է Հայոց ցեղասպանության հետևանքով:

16 խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր, դպրոցական պարագաներ, որոնք ձեռք են բերվել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարատեսակ հաստատությունների արխիվներից, թանգարաններից, գրադարաններից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից: Ներկայացված բնօրինակ վկայականներում կարևոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող մեկ տասնյակից ավելի վկայագրերը, ինչպես նաև ուղեկցող փաստագրական հարուստ նյութը, որոնք փաստացի վկայություններն են Օսմանյան կայսրության հայկական վարժարանների երբեմնի գոյության:

Ժամանակավոր ցուցադրությունը և գիտաժողովը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի կողմից:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը: