ՀՀ կառավարությունը շարունակում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագիրը:

Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 241 մլն 920.5 հազար դրամ գումար` շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով:

Պատերազմի մասնակիցները, որոնց զինվորական ծառայությունն ավարտվել է 2021-2022 թվականների ձմեռային զորացրմամբ, շարունակում են դիմել աջակցության ծրագրին: 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված շուրջ 1026 շահառուների տվյալներ, որոնք վերոնշյալ որոշմամբ կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

Նշենք, որ մինչ այս ՀՀ կառավարության հինգ որոշումներով նշված ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930.7 հազար դրամ: Նույն ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 512 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 52 մլն 543.3 հազար դրամ: