Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։

Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները, գործընկերն էր «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։

Մրցույթի նպատակն էր դպրոցահասակների շրջանում ձևավորել գրագետ և հուշարձանների նկատմամբ հոգատար քաղաքացի, նրանց իրազեկել հուշարձանների ճանաչելիության և պահպանության կարևորության մասին:

Մասնակից աշակերտներն օլիմպիադային ներկայացել են բարձր պատրաստվածությամբ: Հավասար պայքարում միավորների աննշան տարբերությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը, երկրորդ տեղը կիսել են Դարպասի միջնակարգ և Վանաձորի Պավլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցները։ Հավասար միավորներով երրորդ տեղը զբաղեցրել են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական և Պարույր Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցները։ Լավագույն մասնակցության համար խրախուսական գովասանագրի է արժանացել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը։

Օլիմպիադայի կազմակերպիչները երախտագիտության խոսք են ուղղել նաև մասնակից դպրոցների ուսուցիչներին, որոնց դերն անգնահատելի է աշակերտներին հուշարձանների հանդեպ հոգատարությամբ դաստիարակելու գործում: Նրանք արձանագրել են, որ այնուամենայնիվ օրվա գլխավոր հաղթողը հուշարձանաճանաչ քաղաքացին է՝ որպես հուշարձանների պահպանության և հանրահռչակման կարևոր հենարան պետության համար:

Oլիմպիադայի հաղթողներին և առավել ակտիվ աշակերտներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցելու «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» 2022 թ․ հնագիտական աշխատանքներին և գիտարշավներին։ Աշակերտները կայցելեն նաև հարցաշարում ընդգրկված հուշարձաններ՝ տեղում և գործնականորեն հաստատելու իրենց ձեռք բերած գիտելիքները։

Նախատեսված է օլիմպիադան դարձնել ամենամյա և առաջիկա տարիներին ընդարձակել դրա աշխարհագրությունը՝ ներառելով ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Արցախի դպրոցները։

Օլիմպիադայի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ տարվա ընթացքում համատեղ կիրականացվեն այլ միջոցառումներ ևս։