Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունն արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստման և հոսպիտացիոն ծրագրեր:

Ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես տրամադրվում է գերմաներենի լեզվական դիպլոմ: Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնելու իրենց լեզվական ու Գերմանիայի վերաբերյալ երկրագիտական գիտելիքները և ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի մասին, այլև կծանոթանան այլ հիմունքներով գործող դպրոցներին և նորարարական այնպիսի դասավանդման ձևերին, ինչպիսիք են ներառականությունը կամ «համընդհանուր լեզվուսուցումը»:

Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.

1. Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրագիրը կանցկացվի 2022 թ. նոյեմբերի 6-26-ը (ժամանման և վերադարձի օրեր):

2. 14-օրյա դասընթացներ գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաստատված չէ (կիրականացվեն 2022 թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը):

Հատկապես կարևորվում է հետևյալ երիտասարդ մանկավարժների մասնակցությունը՝

  1. ունեն բուհական ուսումնառությանը հաջորդած առնվազն երեք տարվա դասավանդման փորձ,
  2. Հայաստանում արդեն իսկ մասնակցել են գերմաներենի վերապատրաստման որևէ դասընթացի,
  3. վերջին երկու տարում Գերմանիայում չեն վերապատրաստվել,
  4. գերմաներենը որպես օտար լեզու կամ գերմաներենով որևէ այլ առարկա են դասավանդում շաբաթական մոտ 12 դասաժամ հաճախականությամբ,
  5. ունեն գերմաներենի լավ կամ գերազանց իմացություն (C1 մակարդակ)՝ ակտիվ մասնակցություն ապահովելու համար առաջարկվող ծրագրերին և դպրոցական առօրյային,
  6. հետաքրքրասեր են, շահագրգիռ և մարդամոտ, կարող են այլ մասնակիցների կամ հյուրընկալ դպրոցների հետ շփումներում ներդնել իրենց բաժին պատրաստակամությունը և հանդես գալ սեփական նախաձեռնություններով,
  7. կարող են Գերմանիայում ձեռք բերած իրենց փորձը կիսել հայաստանյան գործընկերների շրջանում:

Այս երկու ծրագրերին դիմելու գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար այս տարի գրանցումը կիրականացվի բացառապես առցանց: Այն ուսուցիչները, որոնք հավակնում են մասնակցելու վերապատրաստման որևէ դասընթացի կամ հոսպիտացիայի գերմանական դպրոցներից որևէ մեկում, կարող են դրանց համապատասխան առցանց դիմումաձևերը ներբեռնել հետևյալ հղումներով. վերապատրաստման համար՝ https://bit.ly/3jQNguS, հոսպիտացիայի համար՝ https://bit.ly/3EpXiwD: Դրանք պետք է լիարժեք լրացնել և էլեկտրոնային փոստով ուղարկել Մանկավարժական փոխանակման ծառայությանը (PAD):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. մայիսի 8-ը:

Հավակնորդներն արդեն իսկ դիմումը ներկայացնելու պահին պետք է ներկայացնեն Եվրամիությունում արտոնված պատվաստանյութերից որևէ մեկով SARS-CoV-2–ի դեմ լիարժեք պատվաստված լինելու մասին ապացույց: Եվրամիությունում արտոնված պատվաստանյութերի, ինչպես նաև լիարժեք պատվաստումային պաշտպանության պահանջների վերաբերյալ ընթացիկ տեղեկությունները հասանելի են Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի կայքում` https://bit.ly/3ryrdxz:

Եթե հավակնորդն ապաքինվել է Քովիդից, և դրանից չի անցել ավելի քան 90 օր, ապա նա կարող է ներկայացնել այդ մասին տեղեկանք, որը հավասարազոր է լիարժեք պատվաստված լինելուն: Ապաքինման վկայականի մասին ընթացիկ տեղեկություններ կարելի է գտնել Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի կայքում՝ https://bit.ly/37pive0:

Հավակնորդները պետք է բավարարեն նաև Գերմանիա առանց կարանտինային պահանջների մուտք գործելու վերաբերյալ այդ պահին գործող բոլոր նախապայմաններին ու դրույթներին:

Բացի դրանից՝ պետք է ներկայացնել կարմրուկի դեմ բավարար պատվաստումային պաշտպանության կամ կարմրուկի դեմ անընկալության (իմունիտետ) վերաբերյալ տեղեկանք:

Մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կցվում է։