«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը:

Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կատարել են Ֆելիքս Մենդելսոնի «Ջութակի կոնցերտը»։ Համերգային ծրագրում հնչել են նաև Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», Մորիս Ռավելի «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունները, Ջակոմո Պուչինիի «Սիմֆոնիկ պրելյուդը»։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը։ Նա իր առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում, 18-ում հաղթել է համամիութենական մրցույթում, իսկ մի քանի տարի անց ստացել է միջազգային ճանաչում՝ դառնալով թավջութակահարների Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր. մրցույթն անցկացվել է Ժնևում։

Սարաջյանը՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, Միլանի «Լա Սկալայում», Վիեննայի «Մյուզիքֆերայնում», Նյու Յորքի «Քարնեգի հոլում» և այլն։ Հարուստ է նաև Սարաջյանի մանկավարժական գործունեությունը։ Նա դասավանդել է ԱՄՆ Օբերլինի կոնսերվատորիայում, Հյուսթոնի համալսարանում։

Սարաջյանի երկացանկում մեծ տեղ է գրավել ժամանակակից երաժշտությունը։ Նա եղել է այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, ինչպիսիք են Ալեքսանդր Չայկովսկին, Գիա Կանչելին, Առնո Բաբաջանյանը, Կարեն Խաչատրյանը և այլք։