Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա:

Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները:

Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության հայտ է ներկայացրել Լոռու մարզի 37 դպրոցի և վարժարանի շուրջ 200 աշակերտ։ Հարցաշարում ներառված են մարզի հուշարձաններին, դրանց պահպանության ոլորտում ՀՀ և միջազգային օրենքներին ու կարգավորումներին վերաբերող հարցեր: Հարցերը կազմված են հնարավորինս հանրամատչելի՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային տարբեր խմբերը։

Մրցույթի նպատակներն են դպրոցահասակների շրջանում գրագետ և հուշարձանների նկատմամբ հոգատար քաղաքացի ձևավորելը, հուշարձանների ճանաչումը և դրանց պահպանության կարևորության մասին նրանց իրազեկելը:

Oլիմպիադայի մասնակից և առավել ակտիվ աշակերտներին, հաղթողներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցելու «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի 2022 թ․ հնագիտական աշխատանքներին և գիտարշավներին։ Աշակերտները կայցելեն նաև հարցաշարում ընդգրկված հուշարձաններ՝ տեղում գործնականորեն հաստատելու իրենց ձեռք բերած գիտելիքները։

Նախատեսված է օլիմպիադան դարձնել ամենամյա և առաջիկա տարիներին ընդարձակել դրա աշխարհագրությունը՝ ներառելով ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Արցախի դպրոցները։

Նշենք, որ օլիմպիադայի գործընկերն է «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։