ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ)՝

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
  • «Ճարտարապետություն և շինարարություն»,
  • «Հնագիտություն»,
  • «Լեզվաբանություն»,
  • «Բժշկություն»,
  • «Արաբերեն լեզու»,
  • «Իսլամագիտություն»:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտ և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  4. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  5. անձնագրի պատճենը,
  6. ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
  7. բժշկական տեղեկանք (հավելված)` անգլերեն,
  8. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  9. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ (1+1):

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 29-ը` ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410 599644; +37410 599646)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել վերոնշյալ հեռախոսահամարներով:

Ծանոթություն.

Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշմամբ:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: