Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանն է ներկայացրել www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով: Շուտով կայքը կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Ապագայում համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև այլ լեզուներով թարգմանություն:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը տեղեկացրել է, որ երիտասարդների շրջանում նախապես հետազոտություն է իրականացվել՝ հասկանալու ոլորտում նրանց հետաքրքրությունների շրջանակը, առկա խնդիրները և կայքի միջոցով դրանց հնարավոր լուծումները. «Հաշվի առնելով ոլորտի՝ վերջին տարիների վերազարթոնքը և երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և վերարժևորման ակնհայտ միտումները, նոր շտեմարանը ձևավորվել է նոր մոտեցումներով: Այսուհետ այն կունենա իր տարբերանշանը, ժամանակ առ ժամանակ կհամալրվի նոր բաժիններով, պարբերաբար կներկայացնի ոլորտին առնչվող իրադարձություններն ու հայտարարությունները, կմեկտեղվեն ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող գիտական հոդվածները, հրապարակումները, օրենսդրությունը և այլ նյութեր»:

Ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության նոր տարբերանշանը՝ Լուսինե Թորոյանը նշել է, որ դրա համար հիմք է ծառայել գորգանախշը, որը շարունակականության, կենսունակության խորհրդանիշ է: Զարդանախշի գույները ունեն որոշակի իմաստ. հողի գույնը խորհրդանշում է ուժը, կանաչը՝ բնությունը, դեղինը՝ հայ մարդու աշխատասիրությունը:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը փառատոնին մասնակցել է առաջին անգամ և վերադարձել է մեծ հաջողությամբ՝ 12 սրահներում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության տարաբնույթ դրսևորումները, երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություները:

Աստղիկ Մարաբյանը և Լուսինե Թորոյանը շնորհակալագրեր են հանձնել «Շարժայի ժառանգության օրեր փառատոնի» հայաստանյան պատվիրակության մասնակիցներին 2022 թ. «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երեկոն ամփոփվել է ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի գեղեցիկ կատարմամբ:

Տեղեկանք: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։