ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։

Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Փառատոնը հրաշալի առիթ կլինի նոր սերնդի համար իր ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու առումով։

Մրցույթ-փառատոնի մասնակիցներ

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները, ինչպես նաև ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։ Եթե մասնակիցը ներկայացնում է որևէ կրթական հաստատություն, ապա հայտը պետք է ուղարկի տվյալ կրթօջախը։

Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ

Առաջին փուլ՝ 05.04.2022–15.05.2022 - Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով՝

հայերեն՝ https://forms.gle/hQZaxg5h1RNW7Atp7,
ռուսերեն՝ https://forms.gle/k3VvbtYeLXcFVecV9,
անգլերեն՝ https://forms.gle/ATMnqHraCQWM84h58:

Երկրորդ փուլ՝ 23.05.2022–12.06.2022 - Գրանցված մասնակիցներն առցանց 5 դասընթացների միջոցով կծանոթանան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և ուրարտական ժամանակաշրջանի պատմությանը, ճարտարապետությանը, արվեստին և մշակույթին:

Երրորդ փուլ՝ 15.08.2022–15.09.2022 - Աշխատանքները կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով:

Չորրորդ փուլ՝ 15.09.2022–25.09.2022 - 3 անձից բաղկացած հանձնաժողովը կընտրի այն աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին:

Հինգերորդ փուլ՝ 01.10.2022–15.10.2022 - Մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար:

Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքները հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։ Մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, հաղթողներին՝ մրցանակներ և վկայականներ:

Մրցույթ-փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի ընթացակարգից: