Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:
Վահրամ Դումանյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախ շնորհավորել է կանանց և նրանց մաղթել երջանկություն ու խաղաղություն: Նախարարը նշել է, որ ՄԿՈՒ ոլորտը հանդիսանում է տնտեսության և աշխատաշուկայի պահանջներն ապահովող շարժիչ ուժը, հետևաբար այն մշտապես պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում: Վահրամ Դումանյանի խոսքով՝ օրակարգում ներառված հարցերը, այն է՝ կրթական նոր չափորոշիչների մշակումը և վերանայումը, կնպաստեն որակյալ ու մրցունակ մասնագետների պատրաստմանն ու ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմանը:
ՄԿՈՒԶԱԽ-ի 29-րդ նիստի օրակարգի հարցերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նոր չափորոշիչների մշակման գործընթացը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով պետության և տնտեսության կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները: Փոխնախարարը կարևորել է նաև չափորոշիչների վերանայման գործընթացը՝ գործատուների և տնտեսության այլ ոլորտներից եկող արձագանքի իմաստով դրանք գործնական հմտությունների դաշտ բերելու համատեքստում:
Նիստի օրակարգում ընդգրկված, 2022 թվականին մշակման ենթակա 8 և վերանայման ենթակա նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական 10 չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա ՆՄՄԿ ուսումնական 10 ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության ու հաստատման հարցերը զեկուցել են ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Նրանք նշել են, որ ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ուսումնական հաստատություններից, այլ գերատեսչություններից և Գործատուների հանրապետական միությունից ստացված առաջարկությունները:
Քննարկման արդյունքում՝ ներկայացված ցանկում կատարվել է փոփոխություն, և ներառվել են նաև Գործատուների հանրապետական միության ներկայացրած մի շարք առաջարկներ: Արդյունքում հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր, ինչպես նաև Գործատուների հանրապետական միության ներկայացրած առաջարկությունները, որոնք մասնավորապես վերաբերել են ՆՄՄԿՈՒ հաստատություններում տնօրենների ընտրությանը և չափանիշների բարելավմանը, այդ հաստատությունների կարիերայի ուղղորդման ծառայությունների արդյունքների ներկայացմանը և այլն: