ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից, որն ամրագրում է գիտական կազմակերպություններում գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը: Վերջինիս նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման գործընթացն այժմ կատարվում է ՀՀ կառավարության՝ 2001 թ. հաստատված կարգով և գնահատման չափանիշներով: Ներկայում անհրաժեշտություն է առաջացել հաստատելու գիտական կադրերի արդյունավետության նոր նվազագույն պայմաններ` ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես՝ որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի N 747-Լ որոշումը:

Որոշման նախագծով՝ ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշները մեծապես պայմանավորված են լինելու գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրմամբ: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին:

Ըստ նախագծի՝ միջազգային գիտական համագործակցության խթանման նպատակով գիտական աշխատողի, ավագ գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի և գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար որպես նոր չափանիշ՝ պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն: Առաջատար և գլխավոր գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվում է նաև 50 000 և 100 000 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրեր ղեկավարելու փորձ: Առաջատար և գլխավոր գիտական աշխատողներից կպահանջվեն նաև ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր և համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, միջազգային հետազոտական տիրույթում իր կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

Գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի՝ գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:

Որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող: Նախագծի ընդունմամբ հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությունը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 15-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/4176 հղմամբ: