ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից՝ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Դավիթ Դավթյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հուշագրի ստորագրումը որակել է որպես լավ նախադեպ. «Կարծում ենք՝ այն բոլոր կազմակերպությունները, որոնք աշխատում են այս ոլորտում, պետք է սերտորեն համագործակցեն նախարարության հետ արդյունավետ աշխատանքի և դրական արդյունքների ակնկալիքով: Հույս ունեմ` սա մյուս կազմակերպությունների համար նախադեպային կլինի, և մենք նոր համագործակցություններ կունենանք»:

«Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Դավիթ Դավթյանն էլ նշել է, որ ավելի քան 30 տարի է՝ կազմակերպությունը հուշարձանների պահպանությանն ուղղված գործունեություն է ծավալում Հայաստանում, բայց առաջին անգամ է այս ձևաչափով պետության հետ համագործակցում:

Նշենք, որ հուշագրի ստորագրումից հետո այն կներկայացվի «Երկիր և մշակույթ» կազմակերպության` առաջիկայում կայանալիք համագումարին՝ համաձայն նախնական պայմանավորվածության: