ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (Մրցույթ):
Մրցույթի նպատակներն են`
- աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը.
- խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացմանը.
- նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ / միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն).
- նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների/միջավայրերի ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը.
- խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
Մրցույթի մասնակիցներն են քաղաքային համայնքները կամ այդ քաղաքային համայնքների մեջ մտնող առանձին քաղաքները։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և Մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2023 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում
- հայտերի գնահատում,
- կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
- Մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։
Հայտը ներկայացվում է Նախարարություն համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝
- համայնքի ղեկավարի գրություն Մրցույթին մասնակցելու պատրաստակամության մասին.
- համահայտատու կազմակերպությունների հանձնառությունը հավաստող գրություններ.
- հայտադիմում.
- հայտադիմումին կից անհրաժեշտ փաստաթղթեր.
- ծրագիր, ընդ որում՝ ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի Մրցույթի նպատակներից առնվազն մեկի իրականացմանը:
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ս.թ. ապրիլի 06-ից մինչև մայիսի 06-ը ներառյալ։
Կից ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարով:
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի
երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի
կազմակերպման մրցութային հանձնաժողով