Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Երևանում նշանավորվել է դասական համերգով ու թեմատիկ ցուցահանդեսով:
«Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մշակույթի գործիչներ և այլք:
Ցուցահանդեսին ներկայացվել են փաստաթղթեր, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող լուսանկարներ՝ Հայաստանի ազգային արխիվից, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշել է, որ ցուցադրված արխիվային փաստաթղթերով ներկայացվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների նորագույն պատմությունը:
«Ռուսաստանն ու Հայաստանը բազմադարյա բարեկամություն ունեն: Իսկ 30 տարին այն ժամանակահատվածն է, երբ մենք կարողացել ենք ապացուցել, ամրացնել մեր բարեկամությունը»,- նշել է նա՝ միջոցառման անցկացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ՌԴ դեսպանությանը, Ռուսաստանի կառավարությանն ու Հայաստանի ազգային արխիվին, «Արմենպրես» և «ՏԱՍՍ» լրատվական գործակալություններին:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս բարձր է գնահատել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք խորը ու ամուր հիմք ունեն, ձևավորվել են հազարամյակների ընթացքում:
Երեկոյի երաժշտական հատվածում հնչել են Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: