ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյունքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքները, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու կարողությունները:

Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծրագրի փորձագետներ և մասնագետներ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքի ընդունմամբ և նոր չափորոշիչների ներդրմամբ մեծածավալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, որը նախարարությունը միայնակ չի կարող իրականացնել:

«Այս առումով մենք կարևորում և բարձր ենք գնահատում համագործակցությունը մեր գործընկերների հետ, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթական բարեփոխումների գործընթացում: Սա կարևոր նախաձեռնություն է, որը, բնականաբար, ունենալու է իր դրական ազդեցությունը և նպաստելու է, որ բոլոր գործընթացներն արագ և որակյալ կյանքի կոչվեն: Բոլորս համատեղ՝ մեկ միասնական թիմով, պետք է անենք հնարավորը, որ կրթական բարեփոխումների առումով մեր պետության առջև դրված բոլոր նպատակները բարձր մակարդակով իրականացվեն»,- նշել է Արսեն Բաղդասարյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Ներկաներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը՝ նշելով, որ վերապատրաստումների ընթացքում չափորոշիչները կներկայացվեն երկու ուղղությամբ՝ կարողունակություններ, վերջնարդյունքներ, և երկրորդ՝ ուսպլանի և առարկայացանկի ձևավորում, գնահատման համակարգ: ԿԶՆԱԿ-ի տնօրենը փաստել է, որ առկա է նաև մեծ խնդիր՝ ներդպրոցական վերահսկողական իրականացման հետ կապված, որը ևս կներկայացվի վերապատրաստման դասընթացին: Արտաշես Թորոսյանը կարևորել է, որ տարբեր հիմնադրամներ, մասնակցելով համատեղ ծրագրերին, օգնում են պետությանը՝ դրանք իրականացնել առավել հաջող և հիմնավոր:

«ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանն իր հերթին փաստել է, որ 25-ամյա հիմնադրամի հաջողության գրավականներից մեկն արդյունավետ համագործակցությունն է: Նա ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ այսպիսի կարևոր նախաձեռնության մեջ՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից:

Այնուհետև շնորհանդեսին ներկայացվել են ծրագրի մանրամասները և դասընթացի առցանց ուսուցման բաղադրիչը: Դասընթացի թեմատիկ բաժինները «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել են ԿԶՆԱԿ-ի փորձագետները: Դասընթացը կգործի «ԿԱԶԱ» հիմնադրամի էլեկտրոնային ուսուցման հարթակում։ Ծրագրի մասնակիցներն են ՀՀ դպրոցների երեք հազարից ավելի տնօրեններ և տնօրենի տեղակալներ: