ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել գիտական խորհրդի անդամների հետ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար, նշել է, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, երբ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում ունենում տարբեր հարցերի շուրջ:

Փաստելով, որ ԵՊՀ-ն եղել, մնում և լինելու է մեր երկրի սիրտը և շարժիչ ուժը կրթության, գիտության ասպարեզում, ներկայացնելով նաև բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, ռեկտորն ընդգծել է․ «Մեզ համար գլխավոր խնդիրը եղել և մնում է կրթության որակը: Ամեն ինչ պետք է անենք բավարար որակով կրթություն ապահովելու համար, և այդ ճանապարհին ակտիվ համագործակցում ենք թե՛ միջազգային գործընկերների, թե՛ այլ համալսարանների հետ»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հրավերի համար․ «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես ձեզնից մեկն եմ և պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթության, առավել ևս գիտության զարգացմանը: Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան, շատ մեծ է հասարակության, քաղաքացիների, պետության կողմից: Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ներուժը գիտությունը, կրթությունը, մարդն է. մենք այլ հնարավորություն չունենք: Մենք պետք է կարողանանք այդ ներուժն օգտագործել, և այդ հարցում ձեր ավանդը շատ մեծ է»:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև որակյալ կրթության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Անդրադառնալով առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ նախագահը նշել է. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր են կրթված մարդիկ»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ անդրադարձել է կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող: Նախարարը ևս կարևորել է ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ, անդրադարձել մի շարք հարցերի: