Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։ Այն կանցկացվի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք։

Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար․ «Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը՝ դրանով իսկ խթանելով տարածաշրջանում խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացումը»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն էլ նշել է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի աշխարհի տեխնոլոգիական քարտեզում հստակ դիրքավորվելու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դառնալու համար․ «Սա, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում. համակարգված և համագործակցային աշխատանքային մոտեցում, ճիշտ թիրախավորված գործունեություն: Այս առումով «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացնելու ձեռքբերումները, ամրագրելու համագործակցության նոր շրջանակներ»։

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հակոբ Արշակյանի, Վահրամ Դումանյանի, Սուրեն Պապիկյանի, Դավիթ Սահակյանի, Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց ընթացիկ գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Ցուցահանդեսը, որի ընթացքում հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները, նպատակ ունի խթանել ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ Ցուցահանդեսը հյուրընկալել է պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից: