Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Մանվել Խնձրցյանը:

70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել է վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել: 23-ամյա ըմբիշը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուն մոտ էին նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վճռորոշ գոտեմարտերում, սակայն, նրանք պարտություն են կրել։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Վաղը՝ ապրիլի 1-ին, Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Առաջնությունը կավարտվի ապրիլի 3-ին: