ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «art-collage.com» էլեկտրոնային պարբերականը:

«art-collage.com»-ը մշակութային, տեղեկատվական-վերլուծական պարբերական է, որը ստեղծվել է 2019 թվականին: 2020 թ.-ից սկսած կայքը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Էլեկտրոնային պարբերականի առաջնահերթությունն է ազգային-ավանդական-քաղաքակրթական արժեքների, ինչպես նաև ժամանակակից հայ մշակույթի, արվեստի լուսաբանումը:

«art-collage.com»-ը քննարկման հարթակ է տրամադրում ստեղծագործողներին, արվեստաբաններին ու արվեստասերներին: Պարբերականի նպատակն է լրացնել մշակութային կյանքին առնչվող տեղեկատվությունը: Կայքը նպաստում է հայաստանյան ամենօրյա, ընթացիկ մշակութային կյանքի և իրադարձությունների պատշաճ լուսաբանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակութային կյանքում տեղի ունեցող գործընթացների ներկայացմանը:

Պարբերականի կարևորագույն սկզբունքներից է սերունդների համերաշխության ապահովումը. հայտնի անունների, արդեն կայացած արվեստաբանների ու քննադատների կողքին ներկայանում են նոր, հասարակությանը դեռ անհայտ, բայց տաղանդավոր երիտասարդներ:

«art-collage.com»-ն ունի 5 բաժին՝ «ԳրԱկան», «ԿինոԹատրոն», «Երաժշտություն», «Քննադատություն», «Արթդարակ»:

«ԳրԱկան» բաժինն ազատ ստեղծագործական հարթակ է, որում ներկայանալու միակ նախապայմանը լավ և ճաշակով գրականությունն է, և որը հավասարապես հասանելի է նաև գրականության քննադատներին, տեսաբաններին ու գրականագետներին: Կայքի այս բաժինը հայ գրողի, հրատարակչի, թարգմանչի փոխգործակցության լավ հնարավորություն է, որը նոր շունչ է հաղորդում գրող-ընթերցող կապին՝ նպաստելով լավ գրականության պահանջարկի աճին:

«ԿինոԹատրոն» բաժնում տեղ են գտնում ոչ միայն ոլորտի թարմ նորությունները, այլև ազգային և համաշխարհային կինոյի և թատերարվեստի մեծ վարպետների ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող հրապարակումներ: Բաժինը թատերական քննադատներին միշտ ընձեռում է խոսքի հնարավորություն՝ գնահատելու ազգային թատերարվեստի այսօրվա վիճակն ու խնդիրները:

«Երաժշտություն» բաժնի առաջնահերթություններից է դասական, ազգային-ժողովրդական երաժշտության լուսաբանումը. ներկայացվում են ոչ միայն կարևոր երաժշտական նախագծեր հանրահռչակող հոդվածներ, այլև ազգային կոմպոզիտորական և կատարողական արվեստի ճանաչված վարպետների հետ հարցազրույցներ, ակնարկներ ու դիմանկարներ:

«Քննադատություն» բաժնի նպատակն է վերականգնել մասնագիտական վերլուծությունների ու քննադատության լավագույն ավանդույթները՝ քննադատներին հնարավորություն ընձեռելով հանդես գալու մշակութաբանական վերլուծություններով:

«Արթդարակ» բաժնում հրապարակվում են վերջին նորությունները մշակույթի ամենատարբեր բնագավառներից՝ ընթերցողներին հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ստանալու թարմ լուրեր և տեղեկատվություն մշակութային նոր նախագծերի ու ծրագրերի մասին՝ պրեմիերաներ, նոր հրատարակություններ, բացառիկ համերգներ և իրադարձություններ: «Արթդարակը» ներկայացնում է Հայաստանում և երկրի սահմաններից դուրս ստեղծվող հայկական, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ոլորտում ամենաարժեքավորը, կարևորն ու հետաքրքիրը:

«Art-collage»-ի հետաքրքրությունների առանցքում են նաև սփյուռքի ստեղծագործող մտավորականներն ու արվեստագետները, որոնց գործունեությունը մշտապես համակողմանիորեն լուսաբանում է կայքը՝ կարևորելով սփյուռքում ստեղծվող արվեստը հայրենիքում ներկայացնելը: