Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք ուսումնական հաստատություններ։

Նա եղել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, շրջել լսարաններով և ծանոթացել ուսումնարանի ենթակառուցվածքներին։ Ժաննա Անդրեասյանը որպես առաջնային խնդիր կարևորել է ուսանողների թվի ավելացումը՝ նկատելով, որ հաստատությունն ունի մարզի համար պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Նա տնօրենին և կարիերայի կենտրոնի պատասխանատուին խնդրել է ներկայացնել այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են ավելի մեծ թվով սովորողների ներգրավմանը։ Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ուսումնարանին՝ միասին գտնելու համապատասխան լուծումներ, այն է՝ գործատուների հետ կապի սերտացում, կարճաժամկետ ծրագրերի իրականացում և այլն։

Նախարարի տեղակալի հաջորդ այցը Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջն էր։ Այստեղ ևս Ժաննա Անդրեասյանը շրջել է հաստատությունում, ծանոթացել քոլեջի պայմաններին ու իրականացվող ծրագրերին։ Փոխնախարարը հանդիպել է նաև քոլեջի դասախոսների և աշխատակիցների հետ՝ քննարկելու քոլեջում առկա խնդիրները և նախարարության հնարավոր աջակցության հարցերը:

Նա ներկայացրել է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում պետության ձեռնարկած քայլերը և ակնկալվող արդյունքները։ Մասնավորապես, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» նախագիծը, որը հնարավորություն կընձեռի ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Ըստ փոխնախարարի՝ նախագծով առաջարկվում է ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով: Նա փաստել է, որ հատկապես ՄԿՈՒ ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են, և այդ առումով սոցփաթեթի տրամադրման հնարավորության հարցը ևս ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է:

Մյուս փոփոխություններով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն ներգրավվելու «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաև ներդնելու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» նոր օրենքը, որով նախատեսվում են ավելի շատ փոփոխություններ, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման և այլ մեխանիզմների մասով:

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են դրույքաչափի հնարավոր վերանայմանը, ատեստավորմանը, երիտասարդ մասնագետների ներգրավմանը, աշխատակիցների վերապատրաստմանը, այլ ուսումնական հաստատությունների և գործատուների հետ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, դուալ ուսուցմանը, լաբորատոր սարքավորումների և բնագիտական առարկաների համար պրակտիկայի ապահովմանը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է բոլոր ուսումնարաններին և քոլեջներին տրամադրել համակարգչային սարքավորումներ՝ ըստ համապատասխան կարիքի: