Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ ավանդույթի համաձայն՝ գրողի տուն-թանգարանը բոլոր նշանակալից տարեթվերի առիթով գումարում է գիտաժողով՝ մեկ անգամ ևս արժևորելու անվանի գրողների վաստակը ժամանակների հոլովույթում:

Նրա նշմամբ՝ տարվա ընթացքում Դերենիկ Դեմիրճյանի ժառանգությունը հանրահռչակում են տարբեր միջոցառումներով: Անդրադառնում են Դեմիրճյան գրողին, դեմիրճյանական կինոյին, թատրոնին, նրա հասարակական, քաղաքական գործունեությանը, մարդկային նկարագրին, ընտանեկան, միջգրական կապերին, սակայն հոբելյանական տարին նշում են գիտաժողովով, որովհետև այն հնարավորություն է տալիս գիտական խոսք ասելու անվանի և դասական գրողի մասին:

«Նրա ոչ մի տողը, միտքը չպետք է անուշադրության մատնվեն, և մենք փորձում ենք բոլոր շերտերը բացել և յուրաքանչյուր գիտաժողովի ժամանակ մի նոր բան ներկայացնել, նոր բան մատուցել և՛ դեմիրճյանագետներին, և՛ դեմիրճյանասերներին»,- նշել է Ռաֆայելյանն ու հավելել՝ իր զեկույցը Դերենիկ Դեմիրճյանի՝ Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին ուղղված հակասական գնահատականի մասին է:

Կարինե Ռաֆայելյանի խոսքով՝ երբ լույս է տեսել Սարոյանի պատմվածքների ժողովածուն, Դեմիրճյանը շատ դրական է արտահայտվել գրքի մասին ու լուրջ կարծիք հայտնել, սակայն քաղաքական հանգամանքների բերումով նրանք հայտնվել են տարբեր ճամբարներում, և Դեմիրճյանը նույն գործերի վերաբերյալ բոլորովին այլ կարծիք է հայտնել ու ոչ դրական լույսի ներքո ներկայացրել դրանք: Ռաֆայելյանն առիթն օգտագործում է ասելու, որ մի բանը, որը վերաբերում է մեծերի գործերին, որն առկա է նրանց արխիվներում, կարիք չկա թաքցնելու, քանի այն որ չի ստվերի նրանց մեծությունը:

Ելույթներով հանդես են եկել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Գիտաժողովի շրջանակում մտավորականներն ու գրականագետները զեկույցներով անդրադարձել են հեղինակի ազգային, հասարակական, քաղաքական, գրական գործունեությանը, նրա անցած ճանապարհին վերաբերող նոր էջեր բացահայտել, ինչպես նաև ներկայացրել Դեմիրճյան մարդուն: Անդրադարձ է կատարվել նաև Դեմիրճյանի «Վարդանանքին» և Եղիշեի «Պատմությանը», Դեմիրճյանի «Ավելորդը»-ին և այլ ստեղծագործությունների մի շարք թեմաների: