ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապե­տության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը:

Հաստատվել են նաև, բարձր տեխնո­լոգիա­ների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար տրվող վկայագրի ձևը:

Սահմանվել են Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը:

Հաստատվել են նաև նշված պետական մրցանակների դափնեկիրներին տրվող դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը:

«ՀՀ պետական մրցանակի դափնեկիր» կրծքանշան

Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտություն­ների ոլորտներում ՀՀ պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը 26 մմ տրամագծով սկավառակ է, որի կենտրոնում պատ­կերված է Արարատ լեռը, իսկ ներքևում՝ գիտությունը և արվեստը խորհրդա­նշող գիրք և փետուր:

Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը: Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25x15 մմ չափերով, ծայրե­րում անկյունակներով երիզված դրոշի գույներով ուղղանկյունաձև կախիչին:

Կրծքանշանի դարձերեսին փորագրված են կրծքանշանի հերթական հա­մարը և ոսկու հարգը:

Կրծքանշանից բացի՝ նշված ոլորտների դափնեկիրներին, որպես ՀՀ պետական մրցանակ, շնորհվում են վկայագիր և դրամական պարգև` 5 մլն. դրամի չափով:

ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալ

Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալին պատկերված է արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծը: Այն վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը։ Առյուծը տեղադրված է տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա։

Հուշամեդալի եզերքում շրջանաձև գրված են «ԲՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐ­ՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։

Հուշամեդալը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց, հակադարձ երեսին տեղադրված է հայկական զինանշանի վեհաշուք բարձրաքանդակը՝ շրջափակված միկրոսխեմաների ցանցով, իսկ եզերքում անգլերենով շրջանաձև գրված են «STATE AWARD OF REPՍBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT» բառերը։

Վերևի մասում տեղադրված է ժապավենի ճարմանդը՝ Հայաստանի հնամենի խոյակների զարդաքանդակով, որը կախված է ՀՀ դրոշի գույներով ժապավենից։

Հուշամեդալի դարձերեսին փորագրված են մեդալի հերթական համարը և ոսկու հարգը, իսկ տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։

ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հուշախորհրդանիշ

Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց, որի վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից (ագաթ, յաշմա, կանաչավուն օնիքս) պատրաստված զարդեր։ Բոլոր քարերը տեղադրված են ոսկեպատված 999 հարգի արծաթյա կաղա­պարների մեջ։ Վերևում տեղադրված է ագաթե գլոբուսը, որի վրա մայրցամաքները պատրաստված են 999 հարգի ոսկով ոսկեպատած արծաթից։

Հուշախորհրդանիշի տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։

Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշան

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշանն ունի 80 մմ տրամագիծ, կշռում է 215 գրամ, պատրաստված է ոսկեզօծ արույրից (ոսկու հարգը՝ 999,9. ոսկու քաշը՝ 0,1 գրամ):

Մեդալի երեսային կողմում՝ ձախից, պատկերված է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը (հայացքը՝ ձախից դեպի աջ) և աջ կողմում անգլերենով, երեք տողով գրված են «VIKTOR AMBARTSUMIAN PRIZE» բառերը։

Հակառակ կողմում պատկերված են՝ վերևում՝ պարուրաձև գալակտիկա, ներքևում՝ ձախից, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակը, իսկ աջ կողմում հայերենով, երեք տողով գրված են «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։

100 մլն դրամական պարգև և 50 մլն դրամական միջոց` Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մրցանակի դափնեկրին

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներին որպես մրցանակ շնորհվում է նաև դիպլոմ, պատվոնշան, հավաստագիր, ինչպես նաև դրամական պարգև` 100 մլն դրամի չափով և դրամական միջոցներ՝ 50 մլն դրամի չափով: Դափնեկիրը մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում իրավունք ունի տնօրինելու դրամական միջոցները` Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման նպատակով: Հատկացված դրամական միջոցներից 25 մլն դրամը նախատեսված է գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպման, 12 մլն 500 հազար դրամը` գիտաշխատողների գործուղումների ֆինանսավորման, 7 մլն 500 հազար դրամը` ՀՀ-ում գիտաժողովների կազմակերպման և 3 մլն 600 հազար դրամը` պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման համար: 1 մլն 400 հազար դրամ էլ նախատեսվում է դափնեկրի և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար: