ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպությանը 321 մլն 638 հազար 400 ՀՀ դրամ գումարի հատկացում:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։

Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են` վերջին 5 տարում նվազագույնը 100 դպրոցականների համար 3 ծրագրերի (ամառային հանգստի կազմակերպում) իրականացման փորձ, նյութատեխնիկական համապատասխան միջոցներով ապահովվածություն և այլն: Սահմանված է նաև, որ ճամբարները պետք է գտնվեն միմյանցից ոչ ավելի, քան 10 կմ հեռավորությամբ:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am կայքում հրապարակված՝ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում:

Հայտ ներկայացնող մասնակիցը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. հայտատու կազմակերպության՝ ՀՀ իրավաբանական անձանց Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
  2. ծրագրի նկարագիրը,
  3. ճամբարի գտնվելու վայրը,
  4. հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
  5. հայտատու կազմակերպության որոշումը մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
  6. հայտատու կազմակերպության կողմից վերջին 5 տարում նվազագույնը 100 դպրոցականների համար 3 ծրագրի, այն է՝ ամառային հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթերը,
  7. ճամբարային ծրագրի նկարագիրը,
  8. ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման հավելվածին համապատասխան, որը պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,
  9. միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով armeps.am համակարգի միջոցով` մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 12:00-ն՝ ներառյալ: