2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։

Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալակիրների։

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Հովհաննիսյանը՝ նույնպես մաթեմատիկայից:

Բրոնզե մեդալների են արժանացել՝

  • Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանը (11-րդ դասարան) և Վյաչեսլավ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ ֆիզիկայից, Ծովակ Եգորյանը (9-րդ դասարան) և Տիգրան Սարգսյանը (11-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
  • ‹‹Քվանտ›› վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ մաթեմատիկայից, Հայկ Աղայանը (11-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (9-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
  • ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Արտաշես Մկրտչյանը (12-րդ դասարան)՝ ֆիզիկայից,
  • ‹‹Ֆոտոն›› վարժարանի սաներ Ժորա Ունուպօղլյանը (12-րդ դասարան) և Գևորգ Բոյաղչյանը (12-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից։

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1 Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2 Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։