Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենաավագ կին և տղամարդ մասնակիցներին:

1-ին տարիքային խմբի՝ 18-ից 35 տարեկան կանանց պայքարում հաղթող են ճանաչվել երևանցիներ Աելիտա Ղազարյանը, Հռիփսիմե Ղուկասյանը և Շիրակի մարզի ներկայացուցիչ Արմենուհի Կուրղինյանը: 2-րդ տարիքային խմբի՝ 36 և բարձր տարիքի կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Լիլիթ Գրիգորյանը՝ Երևանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի ներկայացուցիչ Անահիտ Կրմզյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սուսաննա Հովեյանը՝ Երևանից: 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում ոսկե մեդալին արժանացել է Գարիկ Չախոյանը՝ Շիրակի մարզից, երկրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Գրիգորյանն՝ Արարատից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գագիկ Թովմասյանը՝ Կոտայքից: 41 և բարձր տարիքի տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Կարեն Հարությունյանը՝ Շիրակի մարզից, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Լոռու մարզի ներկայացուցիչները՝ Համլետ Նասիբյանը և Սարգիս Լալազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված:

Ուզում եմ արձանագրել, որ այս մրցաշարերը, որոնք կրում են «Վարչապետի գավաթ» անվանումը, լինելու են շարունակական: Հույս ունեմ, որ, ինչպես խոստանում են անմիջական կազմակերպիչները, ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել տարիքով ամենաավագ մասնակիցներին, որոնք իրենց օրինակով ցույց են տալիս, քաջալերում են երիտասարդներին, որ այս մրցաշարերին պետք է մասնակցել, առողջ ապրելակերպն են քարոզում Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետի խոսքով՝ այս մրցաշարերը ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական խնդիրների կյանքի կոչվելուն. «Մենք ջանքեր պետք է գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում: Ճիշտ է, մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողությունների է բերում պրոֆեսիոնալ սպորտում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա մեր եզրափակիչի մասնակիցներին, որովհետև այստեղ գտնվելու ժամանակը, իրոք, վայելեցինք, տեսանք հաղթելու շատ հետևողական ձգտում, տեսանք համառ պայքար, տեսանք արդար պայքար»:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում երկու տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած տղամարդիկ և կանայք: Յուրաքանչյուր մարզ ներկայացրել էր 12 մասնակից: Եզրափակիչ մրցաշարին մասնակցել են նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ:

Դեսպանատների ներկայացուցիչներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ բարձր մասնակցայնություն է գրանցվել, ինչն ապացուցում է՝ սեղանի թենիսի հանդեպ հետաքրքրությունն իսկապես մեծ է: «Շնորհավորում եմ հաղթողներին: Ինչպես տեսաք, շատ համառ ու լարված էր պայքարը: Ինչքան էլ սիրողական էր մրցաշարը, մասնակիցների կարգը շատ բարձր էր, ու մենք ականատես եղանք մարզական շատ ճիշտ պայքարի: Կարևոր է նաև այն, որ եզրափակիչ փուլի համար ձեռք բերված 20 պրոֆեսիոնալ սեղանները կտրամադրվեն հանրապետության մարզադպրոցներին՝ ըստ անհրաժեշտության: Վստահ եմ՝ գույքի ծրագիրը լուծելուց հետո մասնակիցների թիվը կկրկնապատկենք»:

Կանանց տարիքային առաջին խմբում հաղթող ճանաչված Աելիտա Ղազարյանը 6 տարեկանից, մոտ 16 տարի, զբաղվել է սեղանի թենիսով, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի է, բայց 12 տարի է՝ ավարտել է մարզական կարիերան: Ասում է՝ դժվար էր նորից սպորտային պայքարի մեջ մտնելը. «Շատ վաղուց չէի մարզվել, այդ առումով շատ բարդ էր, բայց շատ գեղեցիկ խաղ ստացվեց, ու շատ համառ պայքար: Լավ կլինի, որ նման մրցաշարերը լինեն շարունակական և ավելի մեծ մասսայականություն վայելեն: Թեև մրցաշարը սիրողական բնույթ էր կրում, բայց տարիքային բոլոր խմբերում էլ շատ համառ պայքար ծավալվեց մեդալների համար պայքարում: Բոլորը հաղթանակի էին ձգտում, ունեին նպատակ, ինչը շատ լավ է: Մրցանակային ֆոնդն էլ բավականին մեծ էր, ինչը շատ ոգևորիչ էր: Կարծում եմ՝ հաջորդ տարի մասնակիցների թիվն ավելի մեծ կլինի»:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ինից 20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ է ստացել 80 մասնակից: 1-ին տեղի համար սահմանված է եղել 1.000.000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ, 4-րդ տեղի համար՝ 150.000 դրամ, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ, 6-10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ, 11-20-րդ տեղերի համար՝ 50.000-ական դրամ: