ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ 2022 թ. մայիսի 6-ին կազմակերպում է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։

Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

Մասնակցության չափանիշները

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի մասնակից աշակերտները նստաշրջանին պետք է ներկայացնեն իրենց կատարած հետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները: Զեկուցումների առավելագույն տևողությունը 10 րոպե է:

Ինչպե՞ս դիմել

Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ. ապրիլի 3-ը հետազոտական աշխատանքը (թեզիս, տեսանյութ, սահիկաշար, հոդված, պաստառ, էսսե) ուղարկել krtakannorararutyunner@gmail.com էլ. փոստի հասցեին՝ նշելով անուն-ազգանուն, դպրոց, հեռախոսահամար։

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ աշակերտները կծանուցվեն մինչև 2022 թ. ապրիլի 20-ը:

Թեմատիկ ուղղությունները

Աշխատաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ բնագավառների վերաբերյալ.

1) հայոց լեզու և գրականություն,
2) հայրենագիտություն,
3) օտար լեզուներ,
4) ԲՏՃՄ,
5) արվեստ և արհեստ,
6) հասարակություն, հասարակական գիտություններ,
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Ամփոփում

Գիտաժողովին մասնակից բոլոր աշակերտներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Նստաշրջանին ներկայացված լավագույն նյութերը կտպագրվեն, իսկ աշակերտները հնարավորություն կունենան շրջայց կատարելու ԵՊՀ-ում։

Հետազոտական աշխատանքի կազմման չափորոշիչներին կարելի է ծանոթանալ ԿԶՆԱԿ-ի կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3KLa7nc: