ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշվել է ականավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ ղեկավար կազմը, բուհերի ռեկտորներ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի զավակները, թոռները, գործընկերներն ու աշակերտները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. «Այս պատմական դահլիճում այսօր նշում ենք խորհրդանիշ դարձած շատ կարևոր մարդու՝ Սերգեյ Համբարձումյանի հոբելյանը: Ես՝ ինքս, անձնական շփումներ չեմ ունեցել Սերգեյ Համբարձումյանի հետ, բայց շատ ուշադիր եմ եղել նրա յուրաքանչյուր խոսքին, յուրաքանչյուր շարժին՝ ուսանող տարիներից սկսած: Սերգեյ Համբարձումյանի հիշատակը միշտ պետք է վառ մնա»:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր հերթին նշել է, որ Սերգեյ Համբարձումյանը մեր ժամանակների խոշորագույն գիտնականներից էր, մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկը:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը հանդես է եկել «Սերգեյ Համբարձումյան՝ գիտնականը, քաղաքացին» վերնագրով զեկույցով:

«Անգնահատելի է Սերգեյ Համբարձումյանի թողած գիտական մեծ ժառանգությունը, որն այսօր էլ շարունակում են հաջողությամբ զարգացնել նրա աշակերտներն ու համախոհները, որոնք երկար տարիներ կպահպանեն ականավոր գիտնականի, հիանալի մանկավարժի, փայլուն հռետորի ու վեհանձն մարդու պայծառ հիշատակը»,- նշել է Լենսեր Աղալովյանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Նշենք, որ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում: ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև տեղի կունենան Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը և Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը։