Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը:

Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն ու Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը:

Համերգի դիրիժորն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշենք, որ Մարկ Քոփեյը մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, որին բարձր են գնահատել Մստիսլավ Ռոստրոպովիչը և լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի «Բախի» անվան հեղինակավոր մրցույթի առաջին և հատուկ մրցանակակիր է (1988 թ.):