ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նիստին ներկա է գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ներկայացրել Կառավարության դրական դիրքորոշումը:

Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որից հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Հեղինակը նշել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկներն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Նշենք, որ օրինագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ երեխաների և երիտասարդների կողմից հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի` Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: